ԱՐՏԱԿԱՅՔԱՅԻՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ
Off-page SEO

Բանալի բառերի, բովանդակության և կայքի օպտիմալացումը բուն կայքում կատարվող գործողություններ են: Դրանք բոլորը միասին կարելի է  որակել  որպես  Կայքի օպտիմալացում (Site optimization): Սակայն սրանցից բացի կան շատ կարևոր գործողություններ, որոնք որոնող համակարգերում կայքին ապահովում են բարձր դիրք, բայց դրանք պետք է կատարել կայքից դուրս:
Կարևորագույն աշխատանքներից մեկը հետադարձ հղումների օպտիմալացումն է (Link Building SEO), որի հիմնական նպատակը տվյալ կայքի վրա արտաքին (այլ կայքերից) հղումների ապահովումն է:

 

Շատերն են տալիս այն հարցը, թե ինչի համար են և ինչ կարևորություն ունեն կայքին տանող արտաքին հղումները:
Չմոռանանք, որ ինտերնետի ստեղծման սկզբնական նպատակը տեղեկատվության փոխանակման հնարավորության ստեղծումն էր: Երբ որևիցե մեկը որևէ կայքում հայտնաբերում է իր հետաքրքրության շրջանակներում գտնվող ինչ որ բովանդակություն, ապա այն իր կայքում մեջբերելու փոխարեն ուղղակի տեղադրում է դեպի տվյալ բովանդակությունը պարունակող էջին տանող հղում: Սա հնարավորություն է տալիս կայք այցելած յուրաքանչյուրին իրեն հետաքրքրող թեմայով ստանալու լրացուցիչ տեղեկատվություն: Google-ի նախագծողները ուշադրություն դարձրեցին այս փաստի վրա և եկան այն եզրակացության, որ այլ կայքերից որևիցե կայքի վրա բերող հղումները հանդիսանում են ինդիկատոր, որի օգնությամբ հնարավոր է գնահատել ցանկացած կայք կամ էջ: Այս հանգամանքից ելնելով էականորեն փոխվեց հղումների նախնական նշանակությունը և այժմ առանց դրանց բավարար քանակի հնարավոր չէ Google-ում ապահովել բարձր դիրք:

 

Որոնող համակարգերում ավելի բարձր դիրք են զբաղեցնում այն կայքերը, որոնք իրենց բնագավառում համարվում են լավագույնների շարքում` նրանց շատ են ցիտում այլ կայքեր: Դա արտահայտվում է տվյալ էջին այլ կայքերից դիմելու հաճախականությամբ: Հենց սրանով է պայմանավորված, որ անհրաժեշտ է անել ամեն հնարավոր բան, որպեսզի այլ կայքերում տեղադրվեն Ձեր կայքին եկող հղումներ և, որ ամենակարևորն է` որակյալ հղումներ: Սովորաբար կայքերի ադմինիստրատորները պայմանավորվում են և փոխադարձաբար հետաքրքրություն ներկայացնող կայքերի միջև տեղադրում են հղումներ: Բայց այստեղ էլ գործում են բազմաթիվ նրբություններ, որոնց հաշվի չառնելը կարող է ոչ միայն օգուտ չբերել կայքին, այլ նույնիսկ վնասել նրա հեղինակությունը: Որոնող համակարգերը վերլուծում են Ձեր կայքին հղում կատարած էջը և կարողանում են գնահատել յուրաքանչյուր հղման համապատասխանությունը Ձեր էջի բովանդակությանը:
Յուրաքանչյուր կայք որոնող համակարգերում ունի իր վարկանիշը: Եթե փոխադարձաբար հղումներ տեղադրվեն ասենք Google-ում տարբեր վարկանիշ (Page Rank) ունեցող կայքերը, ապա դրանից ավելի շատ կշահի ցածր վարկանիշ ունեցող կայքը: Միևնույն ժամանակ վտանգավոր է նաև հետադարձ հղումներ ապահովել այնպիսի կայքերից, որոնք որոնող համակարգերում «վատ համբավ» ունեն: Սա է պատճառը, որ փոխադարձ հղումներով միմյանց միջև հետադարձ կապեր ստեղծում են վարկանիշներով և, որ շատ կարևոր է, հեղինակություններով իրարից քիչ տարբերվող կայքերը։

 

Վարկանիշը հղումների վերլուծության հիման վրա տաս բալային համակարգում էջին տրվող գնահատականն է: Ըստ Google-ի այդ գնահատականի հաշվարկման բանաձևը կազմված է 500 միլիոն փոփոխականից և հայտնի է միայն հեղինակներին: Սակայն կան որոշակի տեղեկություններ նրա կազմության վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել նրա վերաբերյալ: Այդ մեխանիզմի ընկալումը հնարավորություն կտա բարելավելու էջի վարկանիշը:

Վարկանիշը (PageRank) քվեարկության մեխանիզմ է, որտեղ կարևոր են քվեարկողների քանակը և որակը, իսկ յուրաքանչյուր քվե օժտված է իր արժեքով, որոնց հանրագումարից գոյանում է տվյալ էջի կշիռը` վարկանիշը:

A էջից B էջին տանող հղումը դիտվում է որպես «քվե» տրված B էջին, եթե A-ն չի պատկանում այն կայքին, որը պարունակում է B էջը: Պարզ է, որ որքան շատ են այդպիսի A էջերը (A1, A2… An) այնքան շատ կլինի ստացված քվեների քանակը: Սակայն պետք է հաշվի առնել, որ An էջերից յուրաքանչյուրն ունի նաև իր կշիռը և որքան մեծ է այն այնքան շատ կլինի B-ին փոխանցվող քվեի արժեքը: Եվ վերջապես, խիստ կարևոր է An էջերից B-ից տարբերվող այլ էջերին գնացող հղումների քանակը: Որքան շատ լինեն այդպիսի հղումների քանակը այնքան կփոքրանա տվյալ էջից տրվող քվեի ձեր քվոտան` մասնաբաժինը (share):
Ավելի օգտակար լինելու համար փորձենք այս ամենը ներկայացնել բանաձևի տեսքով:
Ենթադրենք գոյություն ունեն B էջին եկող երեք հղումներ, որոնք գալիս են A1, A2 և A3 էջերից: A1 էջի վարկանիշը (PageRank) 5 է` PR(A1)=5, PR(A2)=5 և PR(A3)=4: Ենթադրենք նաև, որ A1 էջից այլ կայքեր տանող հղումների քանակը 10 է, իսկ A2-ինը` 20, A3-ինը 100: Ակնհայտ է, որ A1 էջից տրվող մեկ քվեի մասնաբաժինը կլինի A1-ի վարկանիշի մեկ տասներորդ մասը. PR(A1)/10, այսինքն` 5/10=0.5: Նույն կերպ PR(A2)/20, այսինքն` 5/20=0.25 և PR(A3)/100, այսինքն` 4/100=0.04:
Այս թվերը (մասնաբաժինները) իմանալուց հետո մնում է դրանք տեղադրել հետևյալ բանաձևում, որի միջոցով հնարավոր է հաշվել B էջի վարկանիշը, որը կկազմի 0.8215:
PR(B)=0.15+0.85(0.5+0.25+0.04)=0.8215:
(Բանաձևում գործածված 0.15 և 0.85 հաստատուններ են և նրանց ծագման բացատրությունը այնքան էլ կարևոր չէ):

 

Ահա այն բանաձևը, կամ մոտավորապես այն բանաձևը, որի իմացությունը կօգնի բարելավելու էջի վարկանիշը: Պետք է հաշվի առնել, որ որոնող համակարգերը դիտարկում են նաև բազմաթիվ այլ գործոններ.
բերող հղումը բաներ է, ուղղակի հղումների ցանկ է (ասենք «Մեր գործընկերները» էջն է, որտեղ այլ կազմակերպությունների հետ մեկտեղ թվարկված է նաև Ձերը և տեղադրված է հղում), թե ինչ որ տեքստ է, որից իրականացված է հղում և այլն:

 

Որևէ հղում ստեղծելիս շատ կարևոր է այն պարունակող տեքստի կազմումը: Ամենաանհաջող հղման տեքստի օրինակ է «Սեղմիր այստեղ» արտահայտությունը: Շատ ավելի օգտակար և գրավիչ են այնպիսի արտահայտությունները, որոնք նկարագրում են այդ հղման հետևանքով բացվող կայքի կամ էջի բովանդակությունը: Օրինակ. «Խմելու ջրի առաքում» կամ «Ինտերնետային մարքեթինգի առցանց ուսուցում» տեքստերը հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին իմանալու, թե տվյալ հղումից օգտվելու դեպքում ինչպիսի կայք կայցելեն: Եթե միևնույն հղման տեքստով բազմաթիվ կայքերից գոյություն ունեն հղումներ որևէ կայքի վրա, ապա Google-ը այդ տեքստով որոնման դեպքում շատ բարձր է դասակարգում տվյալ կայքը:

 

Հետադարձ հղումների ռազմավարություն կազմելիս պետք է հաշվի առնել, որ այն միանգամյա իրականացվող գործողություն չէ և պահանջում է ամենօրյա տքնաջան աշխատանք: Անհրաժեշտ է անընդհատ հսկողության տակ պահել ողջ գործընթացը, որպեսզի սխալներ հայտնաբերվելու դեպքում անմիջապես կատարվեն համապատասխան փոփոխություններ:

Եթե հաշվի առնենք, որ ցանկացած կայքի օպտիմալացման նպատակը նաև մեծ քանակի այցելուների ներգրավումն է, ապա հետադարձ հղումների միջոցով լուծվում է նաև այդ խնդիրը: Սա նույնպես որոնող համակարգերում բարձրացնում է կայքի կշիռը:
Իսկ ո՞րն է որակյալ հղումը: Որակյալ հղումը պետք է տեղադրված լինի համանման կամ փոխլրացնող բովանդակություն ունեցող կայքում: Այն պետք է տեղադրված լինի բովանդակության` տեքստի մեջ և ոչ թե ինչ որ հղումների ցանկում: Հրաշալի կլինի եթե այդ էջից այլ կայքերին տանող ուրիշ հղումները քիչ լինեն (Տես PR-ը հաշվելու բանաձևը). Եթե այս ամենի հետ մեկտեղ պարզվի նաև, որ Ձեր էջին բերող հղում տեղադրած կայքը բարի համբավ ունի, ավելին` տվյալ բնագավառում հեղինակություն է վայելում, ապա կունենաք հրաշալի որակյալ հղում:

 

Եվս մի կարևոր հանգամանք բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն ինքնուրույն զբաղվել կայքի օպտիմալացման աշխատանքներով.
Կան էջեր, որոնք որոնող համակարգերում մեղմ ասած բարի համբավ չունեն, ավելին` հայտարարված են օրենքից դուրս (ban) և նրանց ինդեքսացիան չի իրականացվում որոնող համակարգերի կողմից: Այդպիսի A էջում տեղադրված հղումը կարող է պատճառ դառնալ, որպեսզի B-ն նույնպես պատժվի` արգելվի նրա ինդեքսացիան և որպես հետևանք այն ընդհանրապես չհայտնվի որոնման արդյունքներում: Գոյություն ունեն հղումներ, որոնք ոչ միայն չեն օգնի, այլ նույնիսկ կվնասեն կայքի հեղինակությանը և բացասականորեն կազդեն նրա զբաղեցրած դիրքի վրա: Դրանք այսպես կոչված «Հղումների ֆերմաներն» են, որոնք ստեղծվել են կայքերին արհեստական հանրաճանաչություն ապահովելու համար: Շատ հեշտ է այդպիսի ֆերմաների օգնությամբ ստեղծել հանրաճանաչության պատրանք, բայց որոնող համակարգերը հիանալի գիտեն այդ մասին:

 

Ներկայացնելով Որոնման համակարգի օպտիմալացման (Search Еngine Оptimization, SЕО) մեր կարծիքով ամենակարևոր և օգտակար բաժինները (Բանալի բառերի օպտիմալացում - Keywords Optimization, Բովանդակության օպտիմալացում - Content SEO, Կայքի օպտիմալացում - On-page SEO, Արտակայքային օպտիմալացում - Off-page SEO) փորձեցինք այն անել հանրամատչելի ձևով` հնարավորինս քիչ գործածելով մասնագիտական տերմիններ: Մեր նպատակն էր օժանդակել հայկական ինտերնետ հանրության այն ներկայացուցիչներին, որոնք ֆինանսական պատճառներով չեն կարողանում վարձել որևէ ընկերության, որը կիրականացներ կայքի օպտիմալացման աշխատանքները: Փորձեցինք ստեղծել մի ուղեցույց, որպեսզի ցանկացողները ինքնուրույն բարելավեն իրենց կայքերը: Բայց ցանկանում ենք նշել, որ հղումների քաղաքականություն մշակելիս հաշվի առեք, որ գրագետ փոխադարձ հղումների կազմակերպումը մի ամբողջ գիտություն է: Այն իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ գործոններ: Հակառակ պարագայում, լավագույն դեպքում կիջեցնեք Ձեր կայքի վարկանիշը (Page Rank), իսկ վատագույն` «կպարգևատրվեք» ban-ով (Ամենաանցանկալի երևույթը, որ կարող է կատարվել որևէ կայքի հետ), այսինքն Ձեր կայքը այլևս չի ինդեքսավորվի որոնող համակարգերի կողմից և դուրս կմնա նրանց տեսադաշտից: Իսկ սա հետո վերականգնելը շատ երկարատև ու համառ աշխատանք պահանջող գործողությունների շարք է: Սա է պատճառը, որ բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ պնդում են, որ հղումների փոխանակմամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, կամ այդ բանը ընդհանրապես ավելի լավ է չանել:

 

Արտակայքային օպտիմալացման լավագույն տարբերակներից մեկն էլ կայքի գրանցումն է վեբ ուղեցույցներում (Web Directory): Այն կօժանդակի կայքի մասին տեղեկատվության տարածմանը, կապահովի որակյալ հետադարձ հղում և կավելացնի կայքի այցելուների քանակը: Եթե միջոցները բավարարում են, ապա կարելի է գրանցվել նաև վճարովի ուղեցույցներում, որոնց շնորհիվ էականորեն բարձրանում է կայքի հանրաճանաչության աստիճանը:
Վեբ ուղեցույցների օրինակով կայքն անհրաժեշտ է գրանցել նաև տարածված որոնող համակարգերում:

 

Այսպիսով, արտակայքային օպտիմալացում (Off-page SEO) իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

  1. Որակյալ հղումների համար կայքերի փնտրում
    Հղումների քաղաքականություն (Link Building SEO) իրականացնելու համար ուսումնասիրությունների միջոցով հայտնաբերեք համանման կամ փոխլրացնող բովանդակություն պարունակող կայքեր: Ուսումնասիրեք այդ կայքերի վարկանիշերը (Page Rank: PR) և որոնող համակարգում արդյունքի էջերի որակները (Search Engine Result Pages: SERPs): Նախապատվությունը տվեք այն էջերին, որոնցում քիչ են այլ կայքեր տանող հղումները:
  2. Հետադարձ հղումների օպտիմալացում (Link Building SEO)
    Հնարավորինս շատ որակյալ հղումներ ապահովեք դեպի Ձեր կայք: Հղման համար ստեղծեք բովանդակալից տեքստ:
  3. Կայքի գրանցում վեբ ուղեցույցներում (Web Directory)
    Օգտվեք Ձեր կայքի մասին տեղեկատվության տարածման այս հիանալի մեթոդից: Այն կապահովի կայքի այցելուների, և, որ ամենակարևորն է, նպատակային այցելուների թիվը:
    Վեբ ուղեցույցների օրինակով կայքն անհրաժեշտ է գրանցել նաև որոնող համակարգերում: