ԲԱՆԱԼԻ ԲԱՌԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ
Keywords Optimization
Բանալի բառերը դրանք այն բառերը կամ բառակապակցություններն են, որոնցից օգտվում է ցանկացած մարդ, որպեսզի կարողանա ինտերնետում գտնի իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Այսինքն, մեզանից յուրաքանչյուրը անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելիս որևէ որոնող համակարգում մուտքագրում է այն բառը կամ բառակապակցությունը, որն առավելագույն կերպով բնութագրում է իր որոնած նյութը` տեղեկատվությունը, ապրանքը, ծառայությունը և այլն:
Բանալի բառերի ճիշտ ընտրության ամենակարևոր խնդիրն այն է, որ կարողանաս քո կողմից մատուցվող ծառայությունը կամ առաջարկվող ապրանքը նկարագրել այն բառերով, ինչով որ կարող են այն փնտրել այլոք: Այստեղ իրար են հակադրվում երկու հիմնական մոտեցումներ.
- ինչպես եք Դուք նկարագրում Ձեր կողմից մատուցվող ծառայությունը,
- ինչ բառերով են բնութագրում և ինչպիսին են տեսնում այդ նույն ծառայությունը այն փնտրողները:
Ինչպես եք Դուք նկարագրում ինչ որ ծառայություն կամ ապրանք և ինչպես են այն փնտրում ուրիշները. լիովին տարբեր բաներ են: Ակնհայտ է, որ որքան մոտ լինի Ձեր կողմից կազմված նկարագրությունը այցելուների կազմած նկարագրի հետ, այնքան ավելի կմեծանա Ձեր կայքի այցելուների քանակը: Մի կարևոր հանգամանք ևս. այս դեպքում կավելանա հատկապես նպատակային այցելուների քանակը, որոնք հստակ գիտեն, թե ինչ են ակնկալում այդ կայքից: Այս նպատակին հասնելու համար, մինչ բանալի բառերի կազմումը պետք է ուսումնասիրել, թե հատկապես ինչ բառերով են այդ ծառայությունը փնտրում ինտերնետ հանրության անդամները: Որոնք են առաջնային և որոնք երկրորդական բնութագրիչները:
Հետևաբար.
Մատուցած ծառայության կամ ապրանքի նկարագիրը կազմելիս ընտրեք այնպիսի բանալի բառեր ինչպիսին այն որոնող բառերի օգնությամբ նկարագրում են հաճախորդները:
Բանալի բառերը կանխատեսելիս պետք է հաշվի առնել, որ դրանցով կարելի է նկարագրել ինչպես ամբողջ կայքը, այնպես էլ` յուրաքանչյուր էջ: Հետևաբար, նպատակահարմար է ստեղծել ամբողջ կայքը բնութագրող բանալի բառերի խումբը, իսկ դրանից հետո նաև` յուրաքանչյուր էջի: Պետք չէ զլանալ և յուրաքանչուր էջի համար կազմել տվյալ էջում ներկայացված նյութը լավագույնս բնորոշող բանալի բառերը: Նպատակահարմար չէ միանգամից օգտագործել 5-ից ավելի բանալի բառեր, իսկ յուրաքանչյուր էջի համար առանձին բանալի բառեր գրելը մեծացնում է տվյալ գործունեությունը բնորոշող բառերի քանակը, ինչն իր հերթին մեծացնում է որոնող համակարգերի կողմից Ձեր կայքը հայտնաբերելու հնարավորությունը:
Բանալի բառեր ընտրելիս հնարավոր է ստուգել որոնող համակարգերում դրանց գործածման հաճախականությունը, որի միջոցով հնարավոր է կազմել նախընտրելի բառերի ցանկ: Ամենամեծ հաճախականությամբ օգտագործվում են շատ ընդհանրական բառերը, սակայն այնքան էլ նպատակահարմար չէ որպես բանալի բառ ընտրել այդպիսի ընդհանրական բառեր: Oրինակ business բառով Google-ում որոնում կատարելիս շուրջ 2 390 000 000 արդյունք է բերում, իսկ business cards-ով` 129 000 000, business card paper –ով` 57 800 000:
Բանալի բառեր ընտրելիս հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել նաև նախընտրած բառի հոմանիշներին կամ, որ ավելի ճիշտ է, տվյալ կայքի մատուցած ծառայության կամ ապրանքի հետ ընդհանրություն կամ որևէ կապ ունեցող այլ բնութագրող` հարակից բառերին: Անպայման հարկավոր է հաշվի առնել նաև հնարավոր տառասխալներով կամ խոսակցական լեզվով արտահայտվող բառերին:
Նախընտրելի, հարակից և տառասխալներով գրվող բառերի բազմության հիման վրա կատարելով ուսումնասիրություններ հարկավոր է ընտրել հենց այն բառերի և բառակապակցությունների բազմությունը, որը լավագույնս կբնութագրի տվյալ կայքը և հնարավոր ամենանպաստավոր վիճակ կապահովի որոնող համակարգերում հենց այդ բանալի բառերով:
Ամենաշատ նպատակային այցելուներով կապահովվեն այն կայքերը, որոնց համար հնարավոր կլինի գտնել մինչ այդ չօգտագործված բանալի բառեր: Խոսքը գնում է ոչ թե նոր տերմիններով և նորահայտ բառերով նկարագիր կազմելու մասին, այլ ուսումնասիրությունների միջոցով արդյունաբերության տվյալ ճյուղի նկարագրության մեջ բացթողումներ ի հայտ բերելու մասին:
Այսպիսով, կայքի բանալի բառերի օպտիմալացում իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
- Նախընտրելի բառերի ցանկի կազմում
Տվյալ կայքի կողմից մատուցվող ծառայության կամ առաջարկվող ապրանքի նկարագրի կազմում բառերով կամ բառակապակցություններով (նկարագրի կազմում):
Այդ կայքը ինչպիսի բառերով կամ բառակապակցություններով կարող են փնտրել այլոք (նկարագրի կազմում այլ մարդկանց աչքերով): - Հարակից բառերի ցանկի կազմում
Կայքի մատուցած ծառայության կամ ներկայացվող ապրանքի հետ ընդհանրություն կամ որևէ կապ ունեցող այլ բնութագրիչների նկարագրի կազմում բառերով կամ բառակապակցություններով (Հարակից ոլորտների նկարագրի կազմում): - Տառասխալներով բառերի ցանկի կազմում
Նախընտրելի և հարակից բառերի հնարավոր տառասխալներով գործածման կանխատեսում և այդ սխալները հաշվի առնելով նոր նկարագրի կազմում (նկարագրի կազմում տառասխալներով):
Տվյալ կայքի կողմից մատուցվող ծառայության խոսակցական լեզվով արտահայտվող բառերով նկարագրի կազմում (նկարագրի կազմում խոսակցական լեզվով): - Ընտրված բառերի ցանկի կշռի գնահատում
Ընտրված բառերի և բառակապակցությունների գործածման հաճախականության ստուգում որոնող համակարգերում: Անհրաժեշտ է ճշտել, թե տարբեր որոնող համակարգերում յուրաքանչյուր բառ կամ բառակապակցություն քանի անգամ է օգտագործվել որոնում կատարելիս, այսինքն. որքան հաճախ է այն գործածվում մարդկանց կողմից: - Բանալի բառերի կազմում
Իրականացված հետազոտության հիման վրա բառերի առկա ցանկից այն բառերի ընտրում, որոնցից հաճախ են օգտվում որոնող համակարգերում փնտրում իրականացնելիս: Այդ բառերը պետք է հնարավորինս լավ նկարագրեն ներկայացվող ծառայությունը կամ ապրանքը, բայց միևնույն ժամանակ չլինեն շատ ընդհանրական բառեր:
Վերոնշյալ ողջ գործընթացը կոչվում է բանալի բառերի օպտիմալացում (Keywords Optimization)։


