ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ
Content SEO
Որոման համակարգի օպտիմալացում իրականացնելիս շատ կարևոր է բանալի բառերի օպտիմալացումը: Սակայն այս գործընթացը թերի կմնա, եթե կայքում չկատարվեն դրան օժանդակող համապատասխան փոփոխություններ և, որ ամենակարևորն է, չկատարվի կայքի տեքստի` բովանդակության օպտիմալացում:
Միանման ծառայություններ առաջարկող կայքերի մեջ առանձնանալուն լավագույնս օժանդակում է ճիշտ ընտրված բանալի բառերը: Սակայն դա բավական չէ օրեցօր աճող մրցակցությանը դիմանալու համար: Բանալի բառերը որոնող համակարգերին ընդամենը տեղեկացնում են, թե ինչ բովանդակություն ունի կայքը կամ կոնկրետ տվյալ էջը: Կայքի որևէ էջ «այցելելիս» որոնող համակարգերը վերլուծում են նաև տվյալ էջի բովանդակությունը, ավելին, այդ բովանդակությունը համեմատվում է ներկայացված բանալի բառերի հետ: Ակնհայտ է, որ բովանդակությունը պետք է համընկնի տվյալ էջում ամրագրված բանալի բառերի հետ: Բնականաբար, բովանդակության մեջ պարտադիր պետք է առկա լինեն այդ բառերը: Ավելին, շահեկան վիճակում կհայտնվեն այն էջերը, որոնց բովանդակության մեջ ապահովված է բանալի բառերի բազմակի գործածումը և բարձրացված է նրանց կարևորության աստիճանը` այդ բառերը ներկայացված են հաստացված (Bold) կամ թեքված (Italic) տառերով կամ էլ հանդիսանում են հղման հիպերտեքստ (a href)։ Սակայն պետք չէ բովանդակությունը վերածել բանալի բառերի արհեստական շարանի, քանզի.
- հարկ չկա կայքի այցելուին հրամցնել այդպիսի բովանդակություն` դա կվնասի կայքի հեղինակությանը,
- որոնող համակարգերը դա «նկատում» են և որպես հետևանք կայքը կարող է ընդհանրապես դուրս մնալ նրանց տեսադաշտից, ինչը հետագայում վերականգնելը բավականին դժվար կլինի (այստեղ և հետագայում, օպտիմալացման ցանկացած հնարք գործածելիս երբեք մի անցեք խելամտության աստիճանը, քանզի այն օգնելու փոխարեն խիստ կվնասի կայքին):
Բանալի բառերի կարևորության աստիճանի բարձրացման լավագույն մեթոդը այդ բառերով բովանդակության վերնագրերի կազմումն է: Շատ բնական է, որ եթե որևէ բառ կամ բառակապակցություն ընտրվել է որպես բանալի բառ, ապա այնքան կարևոր բնութագրիչ է, որ տվյալ կայքը կամ էջը կարող է (եթե ոչ պարտադիր է) ունենալ նրանով կազմված տեքստի վերնագիր և ենթավերնագրեր (Headings): Որպեսզի որոնող համակարգերը հասկանան, որ դա վերնագիր է (ինչը կբարձրացնի այդ բառերի կարևորության աստիճանը) անպայման այն ներկայացրեք որպես այդպիսին գործածելով h1, h2 … և այլն:
Կայքի բովանդակության օպտիմալացման համար պետք է շատ ջանք թափել, որպեսզի արդյունքում ստացվի այնպիսի գրավիչ տեքստ, որը կապահովի տվյալ էջի առաջնայնությունը որոնման արդյունքներում (Որոնող համակարգում արդյունքի էջեր - Search Engine Result Pages: SERPs): Բովանդակություն կազմելու հիմնական նրբությունը կայանում է նրանում, որ պետք է հաշվի առնել երկու գրեթե իրարամերժ օգտվողների առկայությունը: Առաջինը դա մարդն է. ինտերնետ հանրության յուրաքանչյուր անդամ, որի համար ի վերջո ստեղծվում են աշխարհի բոլոր կայքերը: Երկրորդը` որոնող համակարգերն են, որոնց ցավոք հնարավոր չէ որպես գործոն հաշվի չառնել: Ամբողջ նրբությունը կայանում է նրանում, որ մի կողմից մարդն է, որպես զգացմունքային էակ, իսկ մյուս կողմից` որոնող համակարգը, որպես ինչ որ տրամաբանությամբ մաթեմատիկական հաշվարկներ իրականացնող: Բացարձակ հաջողության կարողանում են հասնել բովանդակություն կազմելու այն մասնագետները, որոնք հաջողությամբ մեկտեղում են մարդկային զգացմունքային պահանջմունքների բավարարումը և որոնող համակարգերի տրամաբանությունը:
Բանալի բառերի օպտիմալացման ժամանակ այդ մասին խոսվել է, բայց նորից շեշտենք, որ այն ինչ Դուք գրում եք՝ մատուցված ծառայությունը կամ ապրանքը նկարագրելիս, սովորաբար խիստ տարբերվում է այն նկարագրից, որն իր երևակայության մեջ պատկերում է այցելուն: Ակնհայտ է, որ յուրաքանչյուրը որոնում իրականացնում է հենց իր պատկերացումը բնութագրող բառերով:
Բովանդակության ստեղծման ոսկե կանոնն է.
Եթե ցանկանում եք, որ Ձեր բովանդակությունը հնարավոր լինի գտնել, ապա անպայման գործածեք ծանոթ բառեր և կարողացեք ներկայացվող ծառայությունը կամ ապրանքը նկարագրել այնպես, ինչպես այն կնկարագրեն այլոք:
Որևէ բովանդակություն ստեղծելիս շատ գայթակղիչ է այն համալրել թեպետ քիչ օգտագործվող, բայց գեղեցիկ կամ էլ նոր գործածության մեջ մտնող բառերով: Որևէ կայքում բովանդակություն ստեղծելիս պետք է հաշվի առնել, որ երբ մարդիկ որոնող համակարգերի օգնությամբ ինչ որ կայք են փնտրում, ապա հաստատ նրանցից յուրաքանչյուրի գլխում նախ և առաջ ծնվում են հին և ծանոթ` հոգեհարազատ բառեր:
Ոչ մի գեղեցիկ դիզայն, հրաշալի ծրագրավորման հնարքներ, հստակ կառուցվածք և շատ հեշտ ու հարմար նավիգացիոն համակարգ չեն օգնի ձեր կայքի առաջխաղացմանը, եթե այն զուրկ է ճիշտ կազմված բովանդակությունից, քանզի ինտերնետը նախ և առաջ լեզվի` խոսքի միջավայր է: Սա է պատճառը, որ վեբ միջավայրում որևէ տեքստ կազմելիս գլխավոր խնդիրն այն է, որ այն հնարավոր լինի գտնել: Հակառակ դեպքում անիմաստ է դառնում տվյալ տեքստի, հետևաբար, և կայքի գոյությունը:
Որոշ մարկետոլոգներ սիրում են չափից շատ գունազարդել իրենց ապրանքի նկարագիրը և բովանդակություն ստեղծելիս օգտագործում են զուտ գովազդային տերմիններ: Նրանք հաշվի չեն առնում, որ հաճախորդներն իրենց պահանջմունքներն արտահայտում են պարզ և ծանոթ բառերով: Ինտերնետ հանրության ոչ մի ներկայացուցիչ երբեք չի փնտրի «անմոռաց և հրաշալի հիշողություններ մատչելի գնով» արտահայտությունը: Դրա փոխարեն նրանցից յուրաքանչյուրը որևէ որոնող համակարգում կփնտրի «էժան տուր», «մատչելի հանգիստ» կամ էլ սրանցից ոչ շատ տարբերվող արտահայտություններ: Նույն կերպ վարվեք նաև տվյալ բովանդակության վերնագիրն ընտրելիս: Աչքերի շարժման ուրվագծի հետազոտությունները վկայում են, որ գործածողները ընթերցելիս բաց են թողնում այն վերնագրերը, որոնք իմաստ չեն արտահայտում: Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ գործածողներն անմիջապես հեռանում են կայքից եթե այնտեղ ներկայացված տեղեկատվությունը շփոթմունք է առաջացնում և մարդիկ պարզ ձևով չեն ստանում իրենց հարցերի պատասխանները: Այս երկու հետազոտությունների արդյունքները միշտ պետք է հաշվի առնել կայքի բովանդակությունը կազմելիս:
Ոչ մի չափից գեղեցիկ տեքստ չի փոխհատուցի ինտերնետ մարկետինգի ամենազորեղ գործիքի` կայքն ինտերնետում գտնելու հնարավորության կորստին:
Պարբերաբար թարմացրեք կայքի բովանդակությունը: Հաճախականությունը կախված է յուրաքանչյուր կայքի առանձնահատկությունից և բովանդակությունից: Կայքի բովանդակության պարբերաբար թարմացումը նկատում են ոչ միայն այցելուները, այլև` որոնող համակարգերը: Որոնող համակարգերն ու այցելուները սիրում և գնահատում են «կենդանի» կայքերը, իսկ որպեսզի կայքը լքվածի տպավորություն չթողնի անհրաժեշտ է անընդհատ ավելացնել և թարմացնել բովանդակությունը: Եթե, օրինակի համար, կայքի վերջին նորությունը մեկ տարվա վաղեմություն ունի, ապա այդ կայքից հիասթափությունը այցելուին կստիպի շատ արագ հեռանալու, իսկ որոնող համակարգերը մեկ, երկու անգամ այցելելուց հետո կարող են մի երկու տարով մոռանալ տվյալ կայքի գոյության մասին:
Հատկապես ավելացրեք կայքում թեմատիկ նյութերը, իսկ եթե հնարավորություն ունեք, նույնիսկ ստեղծեք «Հոդվածներ» կամ «Օգտակար նյութեր» բաժին և գրեք որքան հնարավոր է շատ: Եթե որևէ ապրանք եք վաճառում կամ ինչ որ ծառայություն մատուցում, ապա գրեք դրանց մասին: Գրեք, թե ինչ յուրահատկություններով են նրանք օժտված, ինչ տեսակներ գոյություն ունեն: Նկարագրեք տվյալ, իսկ եթե հնարավոր է, նաև` հարակից ոլորտները: Այդպիսի թեմատիկ հոդվածներ գրելու երեք ճանապարհ կա:
Առաջինն ու ամենահեշտը դա նմանատիպ այլ կայքերից թեմատիկ նյութեր տեղադրելն է: Բայց սա իր բացասական հետևանքներն ունի: Նախ, եթե ուրիշի նյութ է տեղադրվում, ապա իրավունք չունենք վրան փոփոխություններ իրականացնել, որպեսզի հարմարեցնենք կայքի բանալի բառերին: Հետո էլ, ստիպված պետք է լինենք սկզբնաղբյուրի վրա հղում տեղադրել:
Երկրորդ տարբերակը ինքնուրույն թեմատիկ նյութերի կազմումն է: Սա, ի տարբերություն առաջին տարբերակի, հնարավորություն է տալիս որոշված բանալի բառերի գործածմամբ ստեղծելու հենց այն բովանդակությունը, ինչն անհրաժեշտ է այդ կայքի համար: Հաջողված և արժեքավոր նյութ ստեղծելու դեպքում հնարավոր է, որ արդեն ուրիշները հղում կատարեն տվյալ էջի վրա, ինչը կբարելավի նրա վարկանիշը:
Ցավոք բոլորը չեն, որ օժտված են ստեղծագործելու և հետաքրքիր բովանդակություն ստեղծելու կարողությամբ: Եվ այս դեպքում շատ կայքերի տերեր ստիպված են լինում վարձել բովանդակություն կազմելու հմտություն ունեցող մասնագետ կամ, որ ավելի նախընտրելի է` այդ գործը պատվիրել կայքի օպտիմալացման աշխատանքներ իրականացնող ընկերության: Հաշվի առնելով այս տարբերակով նյութ ձեռք բերելու բավականին մատչելիությունը, այն դառնում է կայքերը որակյալ բովանդակությամբ ապահովելու հիմնական միջոցը:
Բովանդակությունը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել նաև բանալի բառերի առաջնայնության` առաջնահերթությանը (Keyword Prominence): Որոնող համակարգերը կախված նախադասությունում բառի զբաղեցրած տեղից կարողանում են դասակարգել և գնահատել նրա «կշիռը»: Անշուշտ այստեղ էական դեր է խաղում յուրաքանչյուր լեզվի առանձնահատկությունը (Իրականում սա լեզվամտածողության խնդիր է, իսկ որոնող համակարգերը ցավոք հայերենը «չեն հասկանում»), բայց այս հարցի փորձագետները խորհուրդ են տալիս «Այդ գործում Ձեզ շատ կօգնի համակարգիչը» նախադասության փոխարեն գրել` «Համակարգիչը անպայման կօժանդակի Ձեզ այդ գործում» (Ենթադրվում է, որ տվյալ էջում որպես բանալի բառ ընտրված է «համակարգիչը»):
Կայքի բովանդակությունը կազմելիս պետք է ընտրել բանալի բառերի գործածման այն օպտիմալ քանակը, որը հնարավորություն է տալիս տվյալ ծավալի բովանդակությունը: Այսինքն, անհրաժեշտ է ճիշտ ընտրել բանալի բառերի խտությունը (Keyword Density): Եթե այս նյութը Ձեր ուշադրությանը ներկայացվեր մեկ-երկու տարի առաջ, ապա կպնդեինք, որ բովանդակության մեջ գործածեք անհամար քանակությամբ բանալի բառեր: Իրականում հենց այսպես էլ վարվում էին օպտիմալացման «սև մեթոդների» կողմնակիցները և հասնում էին հաջողության: Ստեղծվում էր բովանդակություն (նույնիսկ ծրագրերի օգնությամբ), որը բացարձակապես իմաստ չէր արտահայտում և իրենից ներկայացնում էր ինչ որ բառերի շարան, որտեղ անընդհատ կրկնվում էին բանալի բառերը: Մենք ընդհանրապես չենք խոսի օպտիմալացման սև մեթոդների մասին, որոնք ցավոք այնքան էլ քիչ չեն, որովհետև ինքներս էլ հանդիսանում ենք ինտերնետ հանրության անդամ և բոլորի նման մեզ էլ դուր չի գալիս, երբ որոնման արդյունքները մեզ խաբում են և հրամցնում բոլորովին ոչ այն բովանդակությունը ինչ փնտրում էինք: Բայց բանալի բառերի խտության այս օրինակի մասին հանգիստ խոսում ենք, քանզի այն արդեն անցյալ է: Որոնող համակարգերը աստիճանաբար բանալի բառերի խտության փոխարեն (Ուղղակի հաշվարկվում էր, թե որևէ քանակի բառ պարունակող տեքստում որքան շատ էր հանդիպում տվյալ բառը) սկսեցին օգտվել այսպես կոչված հարաբերական խտության հաշվարկի մեթոդից (Խտությունը հաշվարկվում է ոչ թե տեքստի ծավալի նկատմամբ, այլ տվյալ տեքստում ամենաշատ գործածված բառի նկատմամբ): Այս մեթոդի նկարագիրն ինքնին այնքան հետաքրքիր ու տարողունակ նյութ է, որ այստեղ չենք անդրադառնա նրան, բայց կարող ենք միարժեքորեն պնդել, որ մաթեմատիկական բանաձևերով հստակ տարանջատվում են մարդու կողմից ստեղծված և իմաստ արտահայտող տեքստը արհեստածին բովանդակությունից: Այս կապակցությամբ կարող ենք միայն ասել, որ նախ և առաջ Ձեր ստեղծած բովանդակությունը մարդկանց համար է և հետո` որոնող համակարգերի: Եթե գրում եք հենց այն թեմայով, ինչը հանդիսանում է տվյալ էջի գլխավոր իմաստը, ապա բնականորեն արդյունքում կունենաք բանալի բառերի հիանալի խտություն, որն իրականում շատ մոտ կլինի իդեալականին:
Բովանդակությունը պատրաստ լինելու դեպքում հարկավոր է կրկին վերընթերցել այն և պարզել արդյոք այդ էջի բովանդակությունը բնութագրելու համար ընտրված են ճիշտ բանալի բառեր: Եթե պարզվի, որ նախօրոք ընտրված բանալի բառերը այնքան էլ լավ չեն բնութագրում էջի բովանդակությունը, ապա վերանայեք տվյալ էջի բանալի բառերի ցանկը և կատարելով այդ բառերի օպտիմալացման ուսումնասիրություններ, կրկին փոխեք դրանք: Կարևոր է, որ յուրաքանչյուր էջի բանալի բառերը լինեն հենց տվյալ էջին խիստ համապատասխան: Ընդ որում, տվյալ էջի բանալի բառերը կարող են տարբերվել ոչ միայն այլ էջերի բառերից, այլև ողջ կայքը բնութագրող բանալի բառերից։
Փոփոխությունից հետո մի ակնկալեք կայքի զբաղեցրած դիրքի կտրուկ փոփոխում: Այս հարցում եղեք համբերատար, քանզի կախված տվյալ ոլորտում առկա մրցակցության իրավիճակից մեկ, երկու ամիս, իսկ երբեմն նաև ավելի շատ ժամանակ կպահանջվի մինչ Ձեր կայքը կսկսի վայելել որոնող համակարգերի վստահությունը: Կատարեք կայքի բովանդակության թարմացում, զինվեք համբերությամբ և համոզված եղեք, որ Ձեր կայքի դիրքը կբարձրանա և որպես հետևանք կավելանան կայքի այցելուները:
Որոնող համակարգերում առկա բարձր դիրքը ոչ մի պահ չպետք է հանգստացնի Ձեզ, որովհետև մրցակիցները նույնպես լծված են իրենց կայքերի համար շահավետ դիրք զբաղեցնելուն ուղղված գործունեությամբ: Որպեսզի կայքը մնա առաջնային դիրքում անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել բովանդակությունը և անընդհատ կուտակել նոր հետադարձ հղումներ: Հակառակ դեպքում Ձեր դիրքը արագ կզիջեք ուրիշներին:
Եվ վերջապես. կայքի հաջողությունը չի սահմանափակվում միայն նրանով, որ այն հնարավոր լինի գտնել որոնող համակարգերով, բայց դա հաջողության հասնելու առաջին քայլն է և այդ քայլը պետք է անպայման կատարել:


