Լուրեր
05.10.2009Դեվելոփվեյը «Digitec Expo 2009» ցուցահանդեսում
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Digitec Expo 2009» (Դիջիտեք Էքսպո) հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի բացման արարողությունը, որին բացման խոսքով հանդես եկան ԻՏՁՄ Գործադիր Տնօրեն Կարեն Վարդանյանը և աշխարհահռչակ Էրիքսոն ընկերության փոխնախագահ Յան Քեմփբելը: Բացման արարողությունն իրականացրեց ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի բարձր հովանու ներքո էր անցկացվում Դիջիտեքը:
Ցուցահանդեսին մասնակցում էին հեռահաղորդակցման, անլար ցանցերի, ծրագրային ապահովման, էլեկտրոնային բիզնեսի, էլեկտրոնային ադմինիստրացիայի և գիտահետազոտական ոլորտում գործունեություն ծավալող մոտ 52 կազմակերպություններ:
Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվեցին նաև մի շարք ֆորումներ, սեմինարներ և կոնֆերանսներ: Հաջողությամբ անցան «ԴիջիԹեք սկսնակ ընկերությունների ֆորումը» (DigiTec Startup Forum), էլեկտրոնային կառավարման համաժողովը (E-Governance Conference) և «ԴիջիԼայֆ» սեմինարը (DigiLife seminars), որի ընթացքում առաջարկվեցին դեղագործությունը և զբոսաշրջությունը խթանող ՏՏ լուծումներ: Այս միջոցառումների շրջանակում առանձնահատուկ հետաքրքրություն էր առաջացրել «ԱրմՌոբոտիքս» համահայկական մրցույթը (ArmRobotics Pan-Armenian Competition), որն իր շուրջն էր հավաքել բազմաթիվ երկրպագուների և ցուցահանդեսի այցելուների:
«Դիջիտեք Էքսպո» (Digitec Expo) ցուցահանդեսը համախմբում է նոր տեխնոլոգիաներ և ծառայություններ առաջարկող կազմակերպություններին, որը նպաստում է Հայաստանի ձևավորմանը` որպես տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկրի: Բարձր տեխնոլոգիական այս ցուցահանդեսը խթանում է նորագույն տեխնոլոգիաների տարածումը, գործարար սպառողների և հասարակության միջև գործարար միջավայրի ստեղծումը, իսկ այցելուին հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու մեր երկրում առկա և զարգացող տեխնոլոգիաների մասին:
Այս միջոցառումների շարքը օգնեց գտնելու հետևյալ հարցերի պատասխանները. ինչպես տեխնոլոգիաների միջոցով բիզնեսը դարձնել մրցունակ, թվով ավելի մեծ հաճախորդներ ունենալ և բարելավել կառավարման գործընթացը:
Համեմատած նախորդ տարիներին անցկացվող ցուցահանդեսների հետ այս տարի «Digitec Expo»-ի այցելուների թիվը զգալիորեն աճեց` այն գրավեց մոտ 12 000 այցելուների:
Ցուցահանդեսի մասնակից կազմակերպությունների թվում էր նաև «Դեվելոփվեյ» ընկերությունը, որը ներկայացրեց իր մատուցած ծառայությունները (ծրագրային փաթեթների, պորտալների և կայքերի ստեղծում, որոնման համակարգի նկատմամբ կայքի օպտիմալացում և ՏՏ խորհրդատվություն) ու արտադրանքները: Այցելուների մոտ հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրեց լոգոպեդ-դեֆեկտոլոգներին օժանդակող Իսպիչ (eSpeech) համակարգը: Մեր ընկերությունը ցուցահանդեսի ընթացքում ստացավ այլ կազմակերպությունների հետ համագործակցության բազում հետաքրքիր առաջարկներ:
Դեվելոփվեյ ընկերության տաղավարը` իր երիտասարդ թիմով հանդերձ հատկապես մեծ հետաքրքրություն էր առաջացրել ուսանողների շրջանում: Բազմաթիվ այցելուների հետ մեկտեղ Դեվելոփվեյի տաղավար այցելեցին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` բազմաթիվ պաշտոնյաների ուղեկցությամբ:
(Տես միջոցառման լուսանկարների հավաքածուն՝ Ֆոտոալբոմ):




