Լուրեր
17.09.2009Հոկտեմբերի 2-4-ը կանցկացվի «Դիջիտեք Էքսպո 2009» ցուցահանդեսը

«Դիջիտեք էքսպո - 2009» (digitec expo) ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի հոկտեմբերի 2-ին կմեկնարկի 5-րդ անգամ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը: «Ձեր թվային ապագան» խորագրով ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ քառասուն ընկերություններ, որոնք կներկայացնեն իրենց առաջադեմ տեխնոլոգիաները և նորարարական լուծումները:
Դիջիտեքի շրջանակներում կանցկացվի նաև DigiTec Startup ֆորումը, որտեղ կցուցադրվեն նորաստեղծ ընկերություններ և նորարարական լուծումներ: Այս տարի ՏՀՏ ոլորտի ցուցահանդեսի ժամանակ տեղի կունենա նաև Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (Armrobotics). «Գծին հետևող ռոբոտ» և «Համակարգչային սիմուլյացիա» մրցույթների եզրափակիչ փուլերը:
Դիջիտեքի շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել գործարար միջավայր տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի լավագույն կազմակերպությունների. սպառողների և հասարակության միջև: Նախորդ ցուցահանդեսների փորձը վկայում է, որ նման ծրագրերն առաջընթաց են գրանցում ոլորտում, իսկ համակարգչից և ինտերնետից օգտվողների թիվը ավելանում է:
«Դիջիտեք էքսպո - 2009»-ի (digitec expo) ավարտից հետո Դեվելոփվեյը մանրամասն կներկայացնի ցուցահանդեսի ընթացքի վերաբերյալ նյութ, որում առկա կլինի նաև հետաքրքիր ֆոտոալբոմ հաշվետվություն:



